Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը Երեւանի ավագանու ընտրություններում թիվ 8/15 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Օնիկ Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ, այն է` «Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը», եւ դատապարտել 3 տարի ազատազրկման: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։

Հաղորդագրության համաձայն, Ալեքսանյանի նկատմամբ կիրառելով Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված համաներում հայտարարելու մասին որոշման առաջին կետի առաջին ենթակետը՝ դատարանը Օնիկ Ալեքսանյանին ազատել է նշանակված պատժից եւ նրան ազատ է արձակել դատական նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 31-ին։ ԿԸՀ-ի տվյալներով, ընտրություններում հաղթել է իշխող Հանրապետական կուսակցությունը։ Արդյունքում գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պահպանել է իր լիազորությունները։ Ընդդիմությունն՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, հայտարարել է, որ ընտրությունները կեղծված են։