Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հունիսի 20-ին նախագահական պալատում ընդունել է Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի կնոջն ու որդուն։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Գյուլի եւ հանգուցյալ Թուգութ Օզալի կնոջ եւ որդու հանդիպումը տեւել է մոտ 1 ժամ։ Հանդիպումից հետո մանրամասներ չեն հաղորդվել։
Օրեր առաջ Թուրքիայի վերահսկիչ խորհուրդը հրապարակել էր զեկույց, որտեղ նշել էր, թե անհրաժեշտ է , որ Թուրգութ Օզալի դին հանվի եւ փորձաքննության ենթարկվի։ Այս զեկույցից հետո Օզալի կինը հանդիպում էր պահանջել Թուրքիայի նախագահից, ինչը բավարարվել էր։
Նշենք, որ Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը 1993-ին կասկածելի պայմաններում է մահացել: Նրա կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորելով են սպանել: «Մահից 1 օր առաջ ամուսինս Բուլղարիայի դեսպանատանը մասնակցել է ընդունելության, որտեղ նրան լիմոնադ են հյուրասիրել, քանի որ իմացել են, որ նա ալկոհոլ չի խմում։ Օզալը լիմոնադ չէր սիրում, սակայն քաղաքավարությունից ելնելով խմել է։ Հաջորդ օրը սովորականի պես դուրս եկանք զբոսնելու, սակայն նա վատացավ եւ ընկավ, բերանից սպիտակ փրփուր դուրս եկավ։ Նախագահական պալատում բժիշկ չկար, սպասավորները ծառայողական մեքենայով նրան տեղափոխեցին հիվանդանոց»,-նշել է Օզալի կինը։




























