Նորվեգացի դատախազները առաջարկել են «նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկին ուղարկել հարկադիր բուժման: Գործի քննության եզրափակիչ հատվածում մեղադրող կողմը լուրջ կասկածներ է ունեցել, որ մեղադրյալը հոգեպես առողջ չէ:

Եթե դատարանը հանգի եզրակացության, որ Բրեյվիկը մեղսունակ է, նրան կսպառնա 21 տարվա ազատազրկում: Իսկ եթե որոշվի, որ նա հոգեկանի հետ լուրջ խնդիրներ ունի, կուղարկեն մասնագիտացված կլինիկա` ցմահ բուժման:

NRK հեռուստաալիքի հարցումներով, Նորվեգիայի բնակիչների երեք քառորդը Բրեյվիկին ցանկանում է տեսնել բանտում, այլ ոչ հոգեբուժարանում, եւ միայն 10 տոկոսն է կարծում, որ նա բուժօգնության կարիք ունի:

Անդերս Բրեյվիկի դատաքննությունն ընթանում է Օսլոյի դատարանում ապրիլի 16-ից: Նա մեղադրվում է նախորդ տարվա հուլիսի 22-ին կատարած ահաբեկչության մեջ, որին զոհ գնաց 77 մարդ: