Իտալիայում վերսկսվել են Լիզա Ջերարդինի անունով կնոջ մասունքների որոնումները, ով համարվում է Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզայի» նախատիպը: Որոնումներն սկսվել էին նախորդ տարի, բայց դադարեցվել էին ֆինանսավորման պակասի պատճառով, հաղորդում է The Telegraph թերթը:

Մշակութային ժառանգության պահպանության ազգային կոմիտեի ղեկավար Սիլվանո Վինչետին թերթին հայտնել է, որ բոլոր գոյություն ունեցող փաստաթղթերը վկայում են, որ հենց Լիզա Ջերարդինին է եղել հիմնական մոդելը «Մոնա Լիզայի» համար` 1502-1503 թվականներին:

Հնագետները կարծում են, որ լիզայի մասունքները գտնվում են Ֆլորենցիայում սուրբ Ուրսուլայի նախկին մենաստանի տակ: Լքված մենաստանը մի քանի տարի առաջ վերակառուցվել է որպես ոստիկանական զորանոց:

Հնագետների հիմնական նպատակն է գտնել Լիզա Ջերարդինիի գանգի որքան հնարավոր է շատ կտորներ, որպեսզի հնարավոր լինի ստանալ նրա դեմքը եւ այն համեմատել Ջոկոնդայի նկարի դեմքի հետ:

Ֆլորենցիայի իշխանությունները 110 հազար եվրո են վճարել հնագիտական պեղումները վերսկսելու համար:

Լիզա Ջերարդինին ֆլորենտինացի հարուստ առեւտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինն է եղել: