Սպորտի եւ երիտասարդության նորանշանակ նախարար, նախկին ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը վերջին երկու օրերին ակտիվորեն մասնակցում է Ազգային ժողովի նիստերին` կառավարության հնգամյա ծրագրի քննարկմանը, իսկ ընդմիջումներին նրան կարելի է տեսնել ոչ թե նախարար գործընկերների, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների հետ:
Երիտասարդ նախարարը լավատես է եւ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, թե շատ լավ համագործակցություն է ակնկալում կառավարության հանրապետական եւ ՕԵԿ-ական անդամների հետ:
Իսկ ԲՀԿ-ական անցյալը չի խոչընդոտի նրա ներկայիս աշխատանքին, հարցին էլ Ռոստոմյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ որեւէ խնդիր չկա, եւ հուսով եմ` ապագայում էլ խնդիր չի լինի»:
Հարցին, թե որպես սպորտի եւ երիտասարդության նախարար, ո՞ւմ ծրագիրն է իրականացնելու` կառավարությա՞ն, թե՞ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Կառավարության կողմից բոլոր նախանշված ծրագրերը փորձելու եմ կատարել»:
Առաջիկայում Լոնդոնում մեկնարկելու են 30-րդ Օլիմպիական խաղերը, եւ սպորտի պատասխանատուն հույս ունի, որ հայ մարզիկներն ավելի լավ հանդես կգան: «Հուսով եմ ավելի լավ, քան` Պեկինում, ակնկալում ենք մեդալի գույնը փոխել»,- նշեց նախարարը: Հիշեցնենք, որ Պեկինի օլիմպիադայում Հայաստանը նվաճեց 6 բրոնզե մեդալ:
31-ամյա Հրաչյա Ռոստոմյանը ներկայումս սառեցրել է իր անդամակցությունը ԲՀԿ-ին եւ Հայաստանի կառավարության կազմում միակ անկուսակցական նախարարն է:




























