ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանի պլանն ընդամենը գործիք էր, որը թույլ տվեց արտաքին շահագրգիռ ուժերին ժամանակ շահել բանակցությունների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքով, սիրիական ճգնաժամի լուծումը կախված է արտաքին խաղացողներից:

«Բանն այն է, որ Անանի պլանը սիրիական օրակարգում ներառվեց, երբ կառավարական ուժերն արդեն գրեթե ճնշել էին զինված ընդդիմությանը: Անկարգությունների աղբյուրները արդեն գրեթե ոչնչացված էին, բայց այդ պահին հայտնվեց Անանն իր պլանով, իսկ հետո դեպքերն սկսեցին զարգանալ Ասադի համար ողբերգական հունով: Սիրիայի իշխանությութնները հիմնականում կատարել են պայմանները, ընդդիմությունն, իբր, նույնպես, բայց զուգահեռաբար ապստամբները շարունակում են զինվել, աջակցություն ստանալ Թուրքիայից եւ Հորդանանից»,-ընդգծել է փորձագետը:

Արմեն Պետրոսյանի խոսքով, փաստացի, Անանի պլանը թույլ տվեց ջախջախված ընդդիմությանը կրկին հավաքվել ու վերականգնել բախումները:

«Այսօրվա դրությամբ, երկրում ոչ թե լայնամասշտաբ, այլ տեղային քաղաքացիական պատերազմ է ընթանում, որն ընդլայնվելու միտում ունի: Եթե Անանի պլանը վերջնականապես ձախողվի, եթե Արեւմուտքն ու Ռուսաստանը չհանգեն կոնսենսուսի սիրիական հարցում, ամեն բան հնարավոր է, սկսած ծայրահեղ իսլամիստների իշխանության գալուց, մինչեւ երկրի մասնատում մի քանի կազմավորումների»,-կարծիք է հայտնել արաբագետը: