Լատինական Ամերիկայի երկրների առաջնորդները հանդես են եկել Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյի նկատմամբ հայտարարված իմպիչմենտի դեմ եւ հրաժարվել են ճանաչել այդ պաշտոնն զբաղեցրած Ֆեդերիկո Ֆրանկոյի լիազորությունները: Նրանք հայտարարել են, որ Պարագվայում կատարվածը պետական հեղաշրջում է:

Նման դիրքորոշում ունեն  Արգենտինայի, Վենեսուելայի, Բոլիվիայի, Նիկարագուայի եւ Չիլիի ղեկավարները:

Կենտրոնական Ամերիկայի երկրների իշխանությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում համաշխարհային հանրությանը կոչ են արել չճանաչել Ֆերնանդո Լուգոյի տապալումը, հայտնում է  «lenta.ru»-ն:

Ֆերնանդո Լուգոն Պարագվայի նախագահի իր լիազորությունները վայր է դրել հունիսի 22-ին, երբ Սենատի անդամները կողմ էին քվեարկել նրան իմպիչմենտ հայտարարելուն:

Իմպիչմենտի գործընթացն սկսվել էր այն բանից հետո, երբ հունիսի 15-ին Քանինդեյու նահանգում ոստիկանության եւ հողը զավթած գյուղացիների միջեւ բախման ընթացքում զոհվել էր 17 մարդ: Ֆերնանդո Լուգոն  պաշտոնաթող էր արել ՆԳՆ-ի ղեկավարին եւ ոստիկանության  պետին, սակայն դա նրան չէր օգնել  պահել նախագահի պաշտոնը: