Նիգերիայի վերջին դեպքերը հանգեցրին պաշտպանության նախարար Բելլո Մուհամեդի եւ ազգային անվտանգության գծով խորհրդական Օվոյե Ազազիի հրաժարականին: Այդ մասին որոշումը հունիսի 22-ին կայացրել է երկրի նախագահ Գուդլաք Ջոնաթանը:

Ազազիին ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնում  կփոխարինի Սամբո Դասուկին` սուլթան Սոկոտոյի`հյուսիսային Նիգերիայի մահմեդականների հոգեւոր առաջնորդի զարմիկը: Պաշտպանության նոր նախարարի թեկնածուն դեռ հայտնի չէ, գրում է «Ռոսբալտը»:

Թեեւ հրաժարականի պատճառը չի հաղորդվում, փորձագետները հակված են մտածել, որ այն պայմանավորված է իսլամական «Բոքո Հարամ» խմբավորման ակտիվացմամբ, որը կապեր ունի «Ալ Կաիդայի» հետ:

Իսլամականների կողմից քրիստոնեական եկեղեցիների վրա կատարված հարձակումներից այս տարվա սկզբից ի վեր ավելի քան 640 մարդ է զոհվել: