Սաուդյան Արաբիան Սիրիայի բանակում դասալքությանը խթանելու նպատակով մտադիր է կառավարությանն ընդդիմացող «Սիրիական ազատ բանակի» (ՍԱՀ) զինվորներին ռոճիկ հատկացնել: Նման մտադրությունն Էր Ռիյադն արդեն քննարկել է Վաշինգթոնի եւ արաբական մի շարք երկրների հետ:
«Սիրիական ազատ բանակը» (ՍԱՀ) ստեղծվել է դասալիքներից եւ փախստականներից, այն համարվում է սիրիական ներքին ընդդիմության զինված թեւը եւ գտնվում է Սիրիայի ռազմաօդային ուժերի նախկին գնդապետ Ռիյադ Ասադի հրամանատարության ներքո:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, այս շաբաթ The New York Times-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի ԿՀՎ-ն իր վրա է վերցրել Սիրիայի ընդդիմությանը սպառազինելու գործը: Թերթի տվյալներով` Թուրքիայի հարավում արդեն մի քանի շաբաթ է աշխատում է ԿՀՎ աշխատակիցների թիմը, որն օգնում է ռազմական օգնությունը անցկացնել սահմանով: Ապստամբներին սարքավորումներ հասցնելու ուղիներից մեկը հանդիսանում է «Մահմեդական եղբայրներ» շարժման սիրիական ճյուղը: Ամերիկացիների խնդիրներից է նաեւ թույլ չտալ զենքի անցումը «Ալ-Կաիդայի» հետ կապված արմատական խմբերի ձեռքը:
Ավելի վաղ Վաշինգթոնը հայտարարել էր, որ ուղղակիորեն զենք չի մատակարարում Սիրիայի ապստամբներին, բայց խոստովանել էր, որ դա կարող են անել իր հարեւանները:




























