Բելգիայի բնակչուհի Ինգրիդ Սարտյոն եւ կատալանացի Ալբերտ Սոլան պնդում են, որ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի ապօրինի զավակներն են:

ԴՆԹ-ի թեստերը հաստատել են, որ տղամարդն ու կինը ընդհանուր ծնող ունեն, մնում է ապացուցել, որ այդ ծնողը Խուան Կառլոսն է, որի վարկն առանց այն էլ անթերի չէ:

Ինգրիդ Սարտյոն մորից է լսել, որ Իսպանիայի թագավորի դուստրն է: Ինգրիդի մոր եւ Խուան Կառլոսի սիրավեպը եղել է Ֆրանսիայում, որտեղ կինը տեղի մեծահարուստներից մեկի տանը դաստիարակչուհի էր աշխատում:

«Տասնամյակներ անց, հեռուստացույցով տեսնելով Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսին Ինգրիդի մայրը բացականչել է. «Այս մարդը քո հայրն է», - գրում է բելգիական  Le Soir-ը:

Ինգրիդը փնտրել եւ գտել է Ալբերտ Սոլին` խորթ եղբորը, որը 1990թ.-ից փորձում է ապացուցել, որ միապետի որդին է:

Բելգիայի Լեւանի համալսարանի հայտնի գենետիկ Ժան Ժակ Կասիմանի անցկացրած ԴՆԹ-ի թեստերը վկայում են, որ «նրանց` ընդհանուր ծնող ունենալու հավանականությունը շատ մեծ է»: «Քույրն ու եղբայրը» մտադիր են ԴՆԹ թեստի պատասխանը ներկայացնել  Լա Սարսուելա պալատ, եւ թագավորին առիթ հանդիսանալու դեպքում տեղեկացնել, որ իրենց հայրն է:

Այս կապակցությամբ մամուլը նշում է, որ Իսպանիայի թագավորը հայտնի է իր սիրային արկածներով: Խուան Կառլոսը եւ թագուհի Սոֆիան պաշտոնապես երեք երեխա ունեն` արքայադուստրեր Ելենան եւ Քրիստինան եւ արքայազն Ֆելիպեն: