Լեհաստանում Բելառուսի դեսպան Վիկտոր Գայսենոկը Լեհաստանի ԱԳՆ է կանչվել Գրոդնոյում լեհական «Գազետա Վիբորչեյ» թերթի բելառուս լրագրող Անդրեյ Պոչոբուտի ձերբակալման հետ կապված: Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել:
Լեհական ԱԳՆ-ի ներկայացուցիչը «լրագրողի անհապաղ ազատում է պահանջել», հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:«Գազետա Վիբորչեյ» թերթի գրոդնենյան թղթակից Անդրեյ Պոչոբուտը, որը նաեւ Բելառուսում լեհերի ոչ պաշտոնական միության նախագահն է, ձերբակալվել էր հունիսի 21-ին իր տանը: Նա մեղադրվում է «Բելառուսի Հանրապետության նախագահի մասին զրպարտանք տարածելու» հոդվածով:
Պոչոբուտին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: «Նյութերից ելնելով` նկատելի է, որ Պոչոբուտի պատրաստած եւ համացանցով տարածած մի շարք հրապարակումներում ԲՀ-ի նախագահի մասին զրպարտություն պարունակող արտահայտություններ կան», - ասվում է Բելառուսի Քննչական հանձնաժողովի հայտարարության մեջ:
2011 թվականի ամռանը Պոչոբուտը բելառուսական դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման` դատավճռի 2 տարվա հետաձգմամբ:




























