Հայտնի է, թե ինչ երգացանկով հանդես կգա «Արսա» խմբի մենակատար, «Հայ սուպերսթար» նախագծի մասնակից Սուրեն Առուստամյանը հուլիսի 14-24-ին Յուրմալայում մասնակցելու «Նոր ալիք 2012-ի» երգի մրցույթին:
«Նոր ալիք 2012» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլերի PR պատասխանատու Մհեր Բաղդասարյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ որպես համաշխարհային հիթ` Սուրեն Առուստամյանը կներկայացնի Էրիկ Կլեպտոնի «Change The World» երգը կամ Ջո Կոկերի հայտնի երգերից մեկը, երկրի հիթը «Նոր ալիքում» կլինի «Ով սիրուն, սիրուն» երգը, իսկ սեփական հիթ ժանրում Սուրեն Առուստամյանը կներկայացնի նոր երգ, որը դեռ չի հնչել եւ կազմակերպիչները չեն ցանկանում բացել փակագծերը:
«Սա ընդամենը նախապատրաստական փուլն է, որովհետեւ կարող է վերջին պահին փոխեն երգը, ինչպես օրինակ եղել է Էրիկի դեպքում, երբ վերջին պահին պատրաստած երգերը փոխել են»,- ասաց Մհեր Բաղդասարյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, ֆոտոշարքեր են արել, նկարահանվել են երեք կարճամետրաժ ֆիլմ` մեկը Հայաստանի, մյուսը` Սուրենի քաղաքի մասին, իսկ երրորդը ներկայացնում է Սուրենին աշխատանքում: Նա տեղեկացրեց, որ շարունակվում է նաեւ «Մանկական նոր ալիք 2012-ում» Հայաստանի ներկայացնող Սոնա Գյուլխասյանի եւ Արինա Մալխասյանի նախապատրաստական աշխատանքները, որոնցով զբաղվում է Նադեժդա Սարգսյանը: «Բոլորը խոսում են նրանց հաղթանակի շանսերից, շատ հավանական է, որ հենց առաջին հորզոնական հենց նրանք լինեն, բոլորը նշում են, որ մանկականում հաղթելու ամենամեծ շանսերն ունի Սոնան»,- նշեց նա:
Ի դեպ, մեծերի «Նոր ալիքը» կկայանա հուլիսի 24-ին, իսկ փոքրերինը` օգոստոսի 15-ից մի քանի օր հետո:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նոր ալիք 2012-ի» եզրափակիչ փուլին մասնակցելու համար երիտասարդներից մեկնել են 5, իսկ «Մանկական նոր ալիք 2012-ին» մասնակցելու համար` 4 կատարողներ: Երիտասարդներից կիսաեզրափակչին մասնակցել են երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Մերի Մնջոյանը եւ երգիչ Սուրեն Առուստամյանը, իսկ մանուկներից` Էռնա Միրզոյանը, Սոնա Գյուլխասյանը, Արինա Մալխասյանը եւ Պատրիսիան: Մոսկվայում ապրիլի 18-19-ին կայացած կիսաեզրափակիչ փուլում ժյուրին մանուկներից ընտրել է Սոնա Գյուլխասյանին եւ Արինա Մալխասյանին, իսկ մեծերից` Սուրեն Առուստամյանին:
Ի դեպ, NEWS.am-ը ներկայացրել էր իր հարցազրույցը Սուրեն Առուստամյանի հետ:






























