Հայաստանի խորհրդարանի պատգամավորները շատ բազմազբաղ մարդիկ են, նրանց մեծ մասն էլ ամռանը չի հանգստանում: Համենայն դեպս, նման տպավորություն կարելի է ստանալ` պարզելով, թե որտեղ են մտադիր անցկացնել իրենց ամառային արձակուրդը:
NEWS.am-ը հարցում անցկացրեց պատգամավորների շրջանում` պարզելու, թե որտեղ եւ ինչպես են մտադիր անցկացնել ամառային արձակուրդը:
«Քոբուլեթի, Քոբուլեթի»,- ուրախ-ուրախ ազդարարեց գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Վերջինս, ի դեպ, սիրում է կրկնել, թե «աղքատ տղա է ու փող չունի», իսկ հարցին, թե ինչ միջոցներով է մեկնելու Քոբուլեթի, այդպես էլ չասաց:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, լսելով հարցը, թե որտեղ է հանգստանալու, ասաց. «Ես նման հոբբիներ չունեմ»: Հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ հանգամանքին իր կինը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սրտնեղում է ահավոր ձեւով»:
Հանրապետական Առաքել Մովսիսյանը եւս միտք չունի հանգստանալու: «Չէ այ ցավդ տանեմ, էնքան խոստումներ եմ տվել, պիտի կատարեմ»,- նշեց նա:
Մեկ այլ հանրապետական` խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը դեռ չի որոշել, թեեւ մի շարք ծրագրեր ունի: «Նախեւառաջ Սպիտակի երիտասարդական կառույցի հետ պետք է մեկնեմ Արցախ, կազմակերպենք միջոցառում, Եթե հնարավորություններս ների, նաեւ մեկ շաբաթ ծով կմեկնեմ: Ինձ համար սկզբունքային է, բացի Անթալիայից, ցանկացած տեղ կմեկնեմ»,- ասաց նա:
Դեռ չի որոշել նաեւ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Լոռի միանշանակ, իսկ եթե ժամանակ լինի, կարող է գնամ Հունաստան եւ հանգստանամ այնտեղ»,- նշեց Շարմազանովը:
Պատգամավոր Վահե Հակոբյանը արձակուրդը սովորաբար անցկացնում է Սյունիքում, սակայն չի բացառվում, որ նաեւ արտասահման մեկնի: Հարցին, թե որտեղ է նախընտրում հանգստանալ, պատասխանեց. «Այնպիսի հանգիստ տեղ, որտեղ կարելի է պասիվ հանգիստ վայելել»:
«Երկիր մոլորակում»,- հարցին այսկերպ պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Վերջինս, ԱԺ միջանցքներում շրջում էր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Նրան հարցրինք «Պարոն Օսկանյան, Դուք էլ եք հանգստանալո՞ւ Երկիր մոլորակում, թե՞ այլ ծրագրեր ունեք»: «Նույն վայրում»,- պատասխանեց Օսկանյանը:
Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը իր հանգիստը անցկացնելու է միայն Հայաստանում: «Շատ գեղատեսիլ, գեղեցիկ վայրեր ունենք` Սեւանում, Դիլիջանում, Ծաղկաձորում»,- ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մտադիր չէ հանգստանալու մեկնել, նա մնալու է Երեւանում եւ աշխատելու է: Ըստ ամենայնի, հանգստի չի մեկնի նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նա եւս ամառային հանգիստը վայելելու փոխարեն կաշխատի:




























