Բրազիլիան եւ Ուրուգվայն իրենց դեսպաններին ետ են կանչել Պարագվայից, առաջիկայում նրանց օրիանակին կհետեւի նաեւ Արգենտինան: Դա պայմանավորված է Պարագվայի Սենատի կողմից նախագահ Ֆերնանդո Լուգոյին ներկայացված իմփիչմենթով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ մտադիր է բարձրացնել ՄԵՐԿՈՍՈւՐ-ից (հարավամերիյան ընդհանուր շուկա) եւ ՈՒՆԱՍՈւՐ-ից (Հարավամերիկյան ազգերի միություն) Պարագվայի անդամակցության դադարեցման հարցը:Պարագվայի նախագահի պաշտոնանկության նախաձեռնությունը դատապարտել է նաեւ Արգենտինայի նախագահ Քրիստինա դե Կիրշները` նշելով, թե դա պետական հեղաշրջում է եւ բացարձակապես անթույլատրելի քայլ: Նա նաեւ հայտարարել է, որ Արգենտինան չի ճանաչի Պարագվայի նոր կառավարությունը:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Ֆերնանդո Լուգոն վայր էր դրել նախագահի լիազորությունները հունիսի 22 –ին, երբ Սենատը քվեարկել էր նրան իմփիչմենթ հայտարարելու օգտին:




























