«Մահմեդական եղբայրներից» Եգիպտոսի նոր նախագահ Մոհամեդ Մուրսին առաջին անգամ դիմել է ժողովրդին, ելույթը հեռարձակվել է պետական հեռուստաալիքներով:
Մուրսին եգիպտացիներին ազգային միասնության կոչ է արել եւ վստահեցրել միջազգային հանրությանը, որ Կահիրեն կկատարի իր ստանձնած բոլոր պարտավորությունները:
Նոր ղեկավարը շնորհակալություն է հայտնել 2011 թվականին նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վարչակարգի դեմ ապստամբության ժամանակ զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին: «Ես հիմա ձեր առջեւ կանգնած չէի լինի, եթե այդ արյունը չլիներ, որը թափվել է հեղափոխության ժամանակ: Նրանք դեպի հաղթանակ մեզ համար ճանապարհ բացեցին», - ասել է Մուրսին:
Նա վստահեցրել է նաեւ միջազգային հանրությանը, որ Եգիպտոսը կկատարի իր բոլոր միջազգային պարտավորությունները: Դա հատկապես կարեւոր է հարեւան Իսրայելի համար: Եգիպտոսն առաջին արաբական երկիրն է, որն ավելի քան 30 տարի առաջ Իսրայելի հետ խաղաղություն էր կնքել:
Մուրսին վստահեցրել է, որ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ, իսկ դատարանն անկախ կլինի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մուհամեդ Մուրսին հաղթել է Հոսնի Մուբարաքի տապալումից հետո Եգիպտոսի առաջին ընտրություններում, նրա օգտին են քվեարկել 13,23 միլիոն ընտրողներ, որը կազմում է 51,7%: Նա ընտրվելուց անմիջապես հետո լքել է «Մահմեդական եղբայրներ» կուսակցության քաղաքական թեւի շարքերը` այդպիսով կատարելով «բոլոր եգիպտացիների համար նախագահ դառնալու» տված ծրագրային իր խոստումը:




























