Ավստրալիան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ է կիրառել: Դրանք կտարածվեն ֆինանսական ծառայությունների եւ նավթի, բենզինի, հեռահաղորդակցության սարքավորումների առեւտրի վրա, ասված է Ավստրալիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Կանբերան պատժամիջոցներ են կիրառել Սիրիայի 75 քաղաքացիների նկատմամբ, որոնց արգելվել էր մուտք գործել Ավստրալիայի տարածք: Ավստրալիայում արգելքի տակ են հայտնվել նաեւ սիրիական 27 կազմակերպություններ, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ավստրալիայի ԱԳ նախարար Բոբ Քարն ասել է, որ Ավստրալիայի եւ Սիրիայի միջեւ ապրանքաշրջանառությունը մեծ չէ, սակայն պատժամիջոցները «մեսիջը տեղ կհասցնեն»:
Միաժամանակ, ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը պատժամիջոցների նոր` թվով 16-րդ, փաթեթն է պատրաստում Սիրիայի նկատմամբ: Սպասվում է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները, հունիսի 25-ին, Լյուքսեմբուրքում, հավանություն կտան նոր սահմանափակումներին:




























