Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսին նախատեսում է վերականգնել նորմալ հարաբերություններն Իրանի հետ` տարածաշրջանում կայուն ռազմավարության ապահովման համար: Այդ մասին նա հայտնել է իրանական տեղեկատվական FARS գործակալությանը տված հարցազրույցում:

«Անհրաժեշտ է վերականգնել հարաբերություններն Իրանի հետ փոխադարձ շահավետ հիմքերով: Դա կնպաստի տարածաշրջանում ռազմավարական բալանսին: Դա իմ ծրագրային թեզիսներից մեկն է», - հայտարարել է Մուրսին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մուրսին արդեն Եգիպտոսին ազգային միասնության կոչ էր արել, եւ խոստացել էր կատարել միջազգային բոլոր պարտավորությունները:

Հունիսի 24-ին Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Մուհամեդ Մուրսին հաղթել էր` հավաքելով 51,7%: