Իրան-Հայաստան գազատարի կառուցման ավարտի եւ էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ ոլորտի մի խումբ աշխատակիցներ դեկտեմբերի 22-ին պարգեւատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով եւ խրախուսվել վարչապետի շնորհակալագրով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիսավոր պայմաններում անձամբ է նրանց հանձնել պարգեւները:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարը խոսել է էներգետիկայի ձեռքբերումներից եւ նվաճումներից, եւ նկատել, որ «Համակարգի առջեւ համարձակ խնդիրներ են դրված. դա ե՛ւ ատոմակայանի նոր բլոկի կառուցումն է, որը որակապես կփոխի իրավիճակն էներգետիկայում եւ կունենա ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական մեծ նշանակություն, ե՛ւ ջերմաէլեկտրակայանի կառուցումը, որը հաջողությամբ մոտենում է ավարտին, ե՛ւ մյուս նոր ծրագրերը»:

Բարձր գնահատելով էներգետիկների աշխատանքը՝ վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը մշտապես օժանդակելու է բոլոր ծրագրերի իրականացմանը: