Ղազախստանի սահմանապահ անցակետում նոր միջադեպ է տեղի ունեցել, երբ փոխհրաձգության հետեւանքով պատահական անցորդ է մահացել:

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեից հայտնել են, որ միջադեպը գրանցվել է Հարավ-ղազախական մարզի «Ընթըմաք» սահմանապահ անցակետում, որը սահմանակից է Ուզբեկստանին: 5 անհայտ անձինք հարձակվել են սահմանապահ զորքերի լեյտենանտի վրա, սկսել են ծեծել նրան, այնուհետեւ փորձել են մտցնել մեքենան` սպառնալով ատրճանակով:

Լեյտենանտը նախազգուշական կրակոց է արձակել օդ, ապա կրակել մեքենայի անիվների վրա: Անհայտ անձինք փախել են դեպքի վայրից` թողնելով մեքենան: Հաղորդվում է, որ կրակոցներից պատահական անցորդ է մահացել: Դեռեւս անհայտ է, թե ով է հրազենային վնասվածք հասցրել քաղաքացուն` սահմանապա՞հը, թե՞ հարձակվողներից մեկը, հաղորդում է RBK-ն:

Վերջին ժամանակներս Ղազախստանի սահմանապահ ծառայությունները գրավում են լրատվամիջոցների ուշադրությունը: Այսպես. Մայիսին ուղեկալներից մեկում հայտնաբերվել էին 14 զինծառայողների այրված մարմինները: Ուղեկալը նույնպես այրվել էր: Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ մեկ այլ ուղեկալից զինծառայողներ են դիմել փախուստի: