«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեն 2012թ. հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահի ընտրությունները դիտարկում է որպես Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության զարգացման եւ կայացման կարեւոր փուլ:

Կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«2012թ. հուլիսի 19-ը պետք է հենման կետ դառնա անկախ հանրապետության ուղղությունների եւ առաջնահերթությունների ձեւավորման մեջ, ինչպես նաեւ սեփական երկրի կառավարման գործում ժողովրդի մասնակցության համար: 

Հարկավոր է ապահովել ԼՂՀ քաղաքացիների կամքի ազատ եւ թափանցիկ արտահայտումը: Հարցականի տակ է դրված ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հանրապետության, այլեւ ամբողջ հայության ապագան` նրա կարողությունը գրագետ եւ ադեկվատ արձագանքել տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերներին: Ոչ միայն ներկայիս նախագահական ընտրությունների կայացած լինելը, այլեւ ԼՂՀ գոյությունը շատ բանով կախված կլինի նրանից, թե ինչքանո՞վ են պատրաստ իշխանությունները եւ ժողովուրդը հետեւել Ազատության ոգուն:

Այս նպատակով  «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեն կոչ է անում ամբողջ հայությանը, Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպություններին ակտիվ մասնակցություն ունենալ ընտրական ամբողջ գործընթացի հսկողությանը, ներառյալ ԼՂՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, բուն ընտրությունները, եւ հատկապես դրանց արդյունքների հաշվարկումը` նպատակ ունենալով ԼՂՀ-ում վստահության եւ ժողովրդավարության մթնոլորտի ստեղծումը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները կկայանան հուլիսի 19-ին:

Նախագահական մրցապայքարին մասնակցում են չորս թեկնածուներ. ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը (1960 թ.), անկուսակցական Վալերի Սերգեյի Խաչատրյանը (1947թ.), Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը (1959թ.)  անկուսակցական: