Թուրքական RF-4E հետախուզական օդանավը, որին խփել էին Սիրիայի ՀՀՊ համակարգերը,  «խախտել է Սիրիայի ինքնիշխանությունը»: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսին:

«Թուրքական ռազմական օդանավը խախտել է սիրիական օդային տարածքը, սիրիական ՀՀՊ միջոցները պատասխան քայլեր են ձեռնարկել, եւ օդանավն ընկել է սիրիական տարածքային ջրերը: Կատարվածը սիրիական ինքնիշխանության ակնհայտ խախտում էր», - մամլո ասուլիսի ժամանակ աзսել է Մաքդիսին, արեւմտյան լրատվամիջոցներին հղում անելով գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Խոսելով ՆԱՏՕ-ի նիստի մասին, որը կկայանա հունիսի 26-ին Սիրիայի նախաձեռնությամբ, Մաքդիսին նշել է, որ եթե նիստը կոչված է կարգավորել իրավիճակը, ապա Սիրիան ողջունում է այն:  «Բայց եթե նրա նպատակը ագրեսիան է, ապա հայտարարում ենք, որ տարածքը, օդային տարածքը եւ տարածքային ջրերը սրբազան են սիրիական բանակի համար», -հայտարարել է Մաքդիսին:

ԱԳՆ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է նաեւ, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հետախուզական օդանավը ոչնչացվել է Սիրիայի հրազենային համակարգով, այլ ոչ թե խփվել է հրթիռով, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ: Նա նշել է, որ Սիրիայի զինվորականները պետք է խփեն ցանկացած մարմին, որը բարձր արագությամբ 100 մ ավելի բարձրության վրա թռիչք է իրականացնում ազգային օդային տարածքում, հայտնում է  Reuters-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդանավը հունիսի 22-ին անհետացել էր Միջերկրական ծովի ջրերում:  Մալաթիայից օդ բարձրացած օդանավի հետ կապը կորել էր Հաթայ նահանգի հարավ-արեւմտյան  հատվածում: Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել, որ օդանավը խփվել էր Սիրիայի զինվորականների կողմից: 

Սիրիայի իշխանություններն ընդունել են, որ թուրքական օդանավը խփվել է  իրենց կողմից, եւ հայտնել էին, որ ինքնաթիռը խախտել էր Սիրիայի սահմանը:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ  օդանավը խփվել է  միջազգային օդային տարածքում, իսկ նրա մասերն ընկել են  Սիրիայի տարածքային ջրերը: Ըստ նրա` օդանավը թեստային  եւ ուսումնական թռիչք է կատարել, ինքնաթիռում զենք չի եղել, իսկ նրա թռիչքի մասին Սիրիան նախապես գիտեր: