Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ավստրալիայի վարչապետի Արեւելյան Եվրոպայի, Բալկանների եւ Կովկասի հարցերի հատուկ բանագնաց Ռասել Թրուդին:

«Հայաստանը շահագրգռված է հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ կարեւորելով երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում փոխադարձ աջակցությունը եւ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:

Ռասել Թրուդը վարչապետին է ներկայացրել Ավստրալիայի կառավարության խնդրանքը՝ 2013-2014 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Ավստրալիայի թեկնածությանն աջակցելու հարցում:

Տիգրան Սարգսյանը խոստացել է քննարկել հարցը եւ մինչ քվեարկությունը ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը:

Զրուցակիցները կարեւորել են ինչպես տարբեր միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությունը, այնպես էլ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի խորացումը եւ այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը: