Հունիսի 25-ին Հայաստան է ժամանում Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ: Այցելության օրակարգում է նաեւ 2 երկրների գործարարների մասնակցությամբ հայ-ավստրիական գործարար համաժողովը:

Նշենք, որ հայ-ավստրիական առեւտրատնտեսական կապերն աչքի չեն ընկնում մեծ ծավալներով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` 2011 թ. հայ-ավստրիական առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 50 մլն դոլար, որը Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 0.9%-ն է: Ընդ որում` նախորդ տարվա համեմատ առեւտրաշրջանառության ծավալները նվազել են մոտ 10 մլն դոլարով: Հայաստանն Ավստրիայի հետ ունի խիստ բացասական առեւտրի հաշվեկշիռ (2011 թ. արտահանումը կազմել է մոտ 5 մլն դոլար, ներմուծումը` մոտ 45 մլն դոլար):

2012 թ. ընթացքում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աշխուժացում առանձնապես չի նկատվում: Առաջին եռամսյակում ներմուծման ծավալները կազմել են 7.8 մլն դոլար եւ նախորդ տարվա համեմատ նվազել գրեթե կրկնակի: Արտահանումը կազմել է 1.4 մլն դոլար, ինչը Հայաստանի համար խիստ դրական ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարվա այդ նույն ժամանակահատվածում արտահանում գրեթե չենք ունեցել:

Ըստ մաքսային վիճակագրության` Ավստրիայի հետ առեւտուրն աչքի չի ընկնում դիվերսիֆիկացիայով: Որքան էլ տարօրինակ է` Ավստրիայից հիմնականում ներմուծում ենք ոսկի` այդ երկրից ներմուծումների մոտ 70%-ը: Իսկ արտահանման 98%-ից ավելին կազմել են փոստային նամականիշները: