Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` հունիսի 25-ին, ընդունել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռասա Յուկնեւիչիենեին:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Վերջին տարիներին հայ-լիտվական համագործակցությունը նոր լիցք է ստացել, որը նշանավորվեց անցյալ տարի կայացած Լիտվայի նախագահի այցով Հայաստան, երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններով»: Նախարար Նալբանդյանի խոսքով, թե քաղաքական երկխոսության, թե միջխորհրդարանական կապերի եւ թե մշակութային փոխանակումների առումով համագործակցությունը նշանակալի զարգացում է ապրել: ԱԳ նախարարը նշել է, որ այդ գործընթացում լուրջ դեր է խաղացել Հայաստանի դեսպանության բացումը Վիլնյուսում:
Լիտվայի պաշտպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ ինքը բարձր է գնահատում Հայաստանի հետ հաստատված բազմաբնույթ համագործակցությունը, որի կարեւոր բաղադրիչ են հանդիսանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ հաստատված հարաբերությունները:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային օրակարգի խնդիրներ:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:




























