ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշային, որտեղ զուգահեռ է անցկացրել Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների միջեւ: Նշենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նախագահությունը Մեծ Բրիտանիայից անցել է Ալբանիային:
Հարցը հնչել է այսպես. «Թեեւ Սերբիան չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն այդ երկիրը ուղիղ երկխոսություն է հաստատել Կոսովոյի հետ: Որպես Ալբանիայի վարչապետ, չե՞ք պատրաստվում քայլեր ձեռնարկել, որ Ադրբեջանն ուղիղ երկխոսություն հաստատի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ»:
Ալբանիայի վարչապետը խուսափել է հարցին կոնկրետ պատասխանելուց, ասելով, որ իրենք առաջնորդվելու են այն որոշումներով, որ ընդունել է ԵԽ նախարարների կոմիտեն եւ Եվրոպայի Խորհուրդը:
«Ալբանիայի վարչապետի կողքին նստած հուշարարները հուշում էին, թե ինչ պատասխանի, տեղյակ չէին, որ նախարարների կոմիտեն իրավասու չէ Լեռնային Ղարաբաղի հարցով որոշում կայացնելուց»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը:




























