Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի անունից, այսօր` հունիսի 25-ին, հրաժեշտի ճաշ է տրվել Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Շմիդտին արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանքի համար: Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ դեսպան Շմիդտի պաշտոնավարման օրոք հայ-գերմանական հարաբերությունները շեշտակի զարգացում են ապրել՝ ակտիվացել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվացել են փոխայցելությունները եւ միջխորհրդարանական կապերը, առաջընթաց է արձանագրվել մշակութային համագործակցության ոլորտում:

Դեսպան Շմիդտը շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտգործնախարարին իր առաքելության ամբողջ ընթացքում ցուցաբերված աջակցության համար եւ համոզմունք հայտնել, որ հայ-գերմանական հարաբերությունները կշարունակեն վերելք ապրել ապագայում համագործակցության բոլոր ոլորտներում:

Ի նշանավորումն հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի՝ ԱԳ Նախարարը Գերմանիայի դեսպանին հանձնել է ԱԳՆ հուշամեդալը: