Մեքսիկացի երեք ոստիկաններ զոհվել են երկրի մայրաքաղաք Մեխիկոյի օդանավակայանում հրաձգության հետեւանքով: Նրանք ուղարկվել էին թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվողներին ձերբակալելու առաջադրանքով:

Ձերբակալության փորձի ժամանակ կրակոցներ էին սկսվել: Երկու ոստիկաններ տեղում զոհվել էին, երրորդը, ծանր վնասվածքներ ստանալով, մահացել էր հիվանդանոցում:

Օդանավակայանը շրջափակվել է, բայց ինքնաթիռները շարունակել են աշխատել սովորական կարգով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ականատեսներից մեկը պատմել է, որ իրավապահներին կրակողները եւս ոստիկանական համազգեստով են եղել:

Կրակողներին հաջողվել է փախչել: Վերահսկող տեսախցիկների արձանագրած կադրերի դիտումը թույլ է տվել պարզել ծառայակիցների վրա կրակ բացած ոստիկանների ինքնությունը, սակայն նրանց բռնել դեռ չի հաջողվել: