Microsoft կորպորացիան պաշտոնապես հաստատել է մոտ մեկ ամիս առաջ հայտնված խոսակցությունները, որ գնում է գործարար մարդկանց համար նախատեսված Yammer սոցիալական ցանցը: Կորպորացիայի հայտարարության մեջ ասվում է, որ Yammer-ը գնում են 1,2 մլրդ դոլարով, ինչը 200 մլն դոլարով ավելին է, քան նախատեսվում էր մեկ ամիս առաջ:
Կայքը միավորում է շուրջ 4 միլիոն օգտվողների: Facebook-ին նրան մոտեցնում է այն, որ երկուսի առաջին խոշոր ներդրողն էլ եղել է PayPal-ի հիմնադիր Փիթեր Թիլը: Նա եւ այլ ներդրողներ վերջին 4 տարվա ընթացքում Yammer ցանցի զարգացման համար ներդրել էին շուրջ 142 միլիոն դոլար: Yammer-ի տնօրենների խորհրդից մեկը Facebook-ի նախագահ Շոն Փարքերն է: Սակայն ի տարբերություն Facebook-ի, Yammer-ը ցանց է «ոչ բոլորի համար»: Այնտեղ կարող են գրանցվել միայն այնտեղ արդեն եղած ընկերությունների աշխատակիցները, որոնցից յուրաքանչյուրն այդպիսով հնարավորություն է ստանում Yammer ցանցում ծավալել սեփական ներկորպորատիվ սոցիալական ցանցը «յուրայինների համար»:
Ներկայումս ցանցին միացված են ավելի քան 200 հազար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից:
Գործարքն ավարտելուց հետո Yammer-ն ընդգրկվելու է Microsoft Office ստորաբաժանման մեջ եւ ինտեգրվելու է Microsoft-ի մյուս արտադրանքների, այդ թվում` SharePoint-ի, Office 365-ի, Microsoft Dynamics-ի եւ Skype-ի հետ:




























