Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավաբանական եւ մարդու իրավունքների հարցերի կոմիտեն այսօր` հունիսի 26-ին, հավանություն է տվել քաղբանտարկյալների հարցով որոշման նախագծին, որը կազմվել է գերմանացի պատգամավոր Քրիտոֆեր Շտրասսերի զեկույցի հիման վրա:
Կոմիտեի նիստը փակ է եղել լրատվության համար, այդ պատճառով առայժմ մանրամասներ հայտնի չեն: Միաժամանակ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը Turan-ի թղթակցին հայտնել է, որ որոշման նախագիծն ընդունվել է 26 կողմ եւ 22 դեմ ձայներով եւ այն կներկայացվի ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի քննարկմանը:
Սեիդովի խոսքով, զեկույցն արված է «ոչ թե միայն Ադրբեջանի վերաբերյալ, այլ ընդհանուր առմամբ քաղբանտարկյալների խնդիրներով»: Միաժամանակ նա նշել է, որ ադրբեջանցի պատգամավորները դեմ են քվեարկել զեկույցին: Սեիդովը չի բացատրել, թե ինչու են ադրբեջանցիները «դեմ» քվեարկել, եթե զեկույցն իրենց չի վերաբերում:
Մինչդեռ ԵԽԽՎ-ում տեղեկացված աղբյուրները Turan-ին հայտնել են, որ բանավեճը կրել է սուր բնույթ եւ կոնկրետ շոշափվել են Ադրբեջանի հետ կապված հարցեր: Այս դեպքում նիստի մասնակիցներին բաժանվել է Ադրբեջանի կառավարամետ 30 ՀԿ-ների հայտարարությունը, որտեղ ասված է Շտրասսերի զեկույցի ոչ օբյեկտիվ բնույթի մասին, քանի որ նա զեկույցը պատրաստելիս չի այցելել Ադրբեջան:
Նշենք, որ Շտրասսերը նշանակվել էր Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով ԵԽԽՎ-ի զեկուցող 2009-ին, սակայն Ադրբեջանի իշխանությունները այս տարիների ընթացքում նրան չէին թողնում երկիր, պնդելով, որ «քաղբանտարկյալ» հասկածությունը չունի հստակ սահմանում:




























