Հայաստանցիները վերջին տարիներին սկսել են ավելի հաճախակի օգտվել վարսավիրական ծառայություններից: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Վարսահարդարների եւ դիմահարդարների ակադեմիայի տնօրեն Իդա Դավիդովան:

Դրանով է, մասնավորապես, պայմանավորված վարսավիրանոցների թվի աճը, թեեւ, ըստ Ի. Դավիդովայի, շուկայից «մաղվում են» ոչ բարձրորակ ծառայություններ մատուցող վարսավիրները:

Ի. Դավիդովայի խոսքով` հայ տղամարդիկ նույնպես սկսել են հաճախակի այցելել վարսավիրանոցներ, օգտվելով այնպիսի ծառայություններից, ինչպես մանիկյուրային կամ կոսմետոլոգիայի:

Հարցին, թե արդյոք սպասվո՞ւմ է վարսահարդարման եւ դիմահարդարման ծառայությունների սակագների բարձրացում, Դավիդովան ասաց, որ դա հիմնականում կախված է արտասահմանյան ֆիրմաների գնային քաղաքականությունից` եթե ներկերի ու այլ անհրաժեշտ պարագաների գները չթանկացնեն, ապա ծառայությունների գինը չի բարձրանա:

Ի. Դավիդովայի տեղեկացմամբ` Հայաստանի վարսահարդարների եւ դիմահարդարների ակադեմիան արդեն 13 տարի է, հանդիսանում է Վարսավիրների համաշխարհային կազմակերպության (OMC) անդամ, պարբերաբար մասնակցում է նրանց կողմից հայտարարվող վարսավիրների Եվրոպայի եւ աշխարհի մրցույթներին: Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի հավաքականն առանց մեդալների չի վերադառնում այդ մրցույթներից: Իսկ Միլանում 2011 թ. կայացած մրցույթից մեր հավաքականը տարբեր նոմինացիաներում վաստակել է  5 մեդալ, որից մեկը` առաջին տեղ: