Որքան թույլ կլինի հայկական դրամն ամերիկյան դոլարի նկատմամբ, այնքան մեծ կլինեն Հայաստանից արտահանման ծավալները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` մեկնաբանելով հայկական ֆինանսական շուկայում ամերիկյան արժույթի շարունակական արժեւորումը դրամի նկատմամբ: Նրա խոսքով, դոլարի թուլացումը վնասում է հայրենական արտադրողին, իսկ նրա թանկացումն օգտակար է, եւ դա աքսիոմա է:
Սաֆարյանը նշեց, որ թույլ դոլարը հանգեցնում է նրան, որ ներմուծողները, իսկ Հայաստանում ներմուծումը մի քանի անգամ ավելի է արտահանումից, բարձրացնում են իրենց ապրանքի գները, ձգտելով գերշահույթ ստանալ:
«Այստեղ արդեն պետք է միջնորդի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, սանձի նրանց», -նշեց Սաֆարյանը, հիշեցնելով որ միայն անցյալ տարի Հայաստանի ներմուծման ծավալները կազմել են շուրջ 4,1 մլրդ դոլար, արտահանմանը` ընդամենը 1,8 մլրդ դոլար, այսինքն ավելի քան երեք անգամ քիչ:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը նշել է, որ ազգային արժույթի թուլացման քաղաքականությունը հանդիսանում է տեղական արտադրողի աջակցության մեխանիզմներից մեկը: «Ներմուծումը տեղական արտադրության մթերքներով փոխարինելու եւ պետության ու մասնավոր հատվածի միջեւ համագործակցության խթանման հետ մեկտեղ, արժութային քաղաքականությունը եւս կարող է նպաստել հայկական ապրանք արտադրողների դիրքերի ամրապնդմանը», - ընդգծեց նա:
Հարցին, թե ինչ կարող է սպասել հայ սպառողը դոլարի արժեւորումից, եթե նրա եկամուտները հալվում են աչքի առաջ, Սաֆարյանը պատասխանեց. «Անցած տարի բանկային համակարգի միջոցով, ընդհանուր առմամբ, 2 մլրդ դոլարի տրանսֆերտ է փոխանցվել Հայաստան եւ դեռ պարզ չէ, որքան է փոխանցվել ոչ բանկային համակարգի միջոցով: Այդ միջոցներով չեզոքացվում է եկամուտների նվազումը», - ամփոփեց զրուցակիցը:



























