ԱՄՆ-ի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը քվեարկել է «Մագնիտսկիի ցուցակի» օգտին, ըստ որի վիզային պատժամիջոցներ են կիրառվում մի շարք ռուս պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղավոր են իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան մեջ: Փաստաթուղթն ընդունվել է միաձայն:
«Մագնիտսկիի ցուցակի» մասին օրինագիծը հունիսի սկզբին անցել էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողով: Փաստաթուղթը դեռեւս պետք է հավանություն ստանա Կոնգրեսից եւ Սենատից: Բացի դրանից, օրինագիծը պետք է ստորագրի ԱՄՆ-ի նախագահը, հայտնում է rbc-ն:
Սակայն «Մագնիտսկիի ցուցակի» ճակատագիրը դեռեւս պարզ չէ: Բարաք Օբամայի աշխատակազմը դեմ է նրա ընդունմանը` ռուս-ամերիկյան հարաբերությունները բարդացնելու մտավախությունից ելնելով: Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ նմանօրինակ միջոցներ կձեռնարկի ի պատասխան տվյալ օրինագծի ընդունման:




























