Սիրողական մակարդակի հնագետները մետաղ որոնող սարքի միջոցով Լա- Մանշի նեղուցում՝ Ջերսի կղզում հայնաբերել են Եվրոպայի պատմության խոշորագույն գանձերից  մեկը։

Ստորգետնյա թաքստոցից հանվել են մի քանի տասնյակ հազար ոսկե եւ արծաթե դրամներ, որոնք թվագրվում են մ. թ.ա. 50-րդ թվականով։ Նրանց ընդհանուր քաշը կազմում է տոննայի մեկ քառորդը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով բրիտանական The Sun-ին։
Հայտնաբերված մետաղադրամները շրջանառվել են կելտական կորիոզոլիթների ցեղում, որոնք բնակվել են Ֆրանսիայում՝ներկայիս Բրետանի հյուսիսում։ Գիտնականները կարծում են, որ այդ փողերը հնարավոր է թաքցրել են Ջերսի կղզում ֆրանսիական կելտերը՝ Հուլիոս Կեսարի զորքերի արշավանքի նախօրեին։

Հետազոտողները դեռ դժվարանում են հստակ ասել մետաղադրամների ընդհանուր քանակը, քանի որ կավի հետ խառնված մետաղն այնքան է սերտաճել, որ հիշեցնում է ձուլվածք։ Նախնական գնահատականներով, այդ թիվը կարող է տատանվել 30-ից 50 հազար, ընդ որում, յուրաքանչյուր մետաղադրամի գինը հասնում է 100-ից 200 ֆունտ սթերլինգի։ Այդպիսով, հին գանձի ընդհանուր արժեքը կարող է կազմել 5-ից 16,5 մլն դոլար։