Գերմանիայում Քյոլն քաղաքի դատարանը թլպատումն անվանել է քրեական հանցագործություն: Արարողակարգը, որը հատուկ է հուդայիզմին եւ իսլամին, որակավորվել է որպես «մարմնական վնասվածք»:

Նման որոշման պատճառ է դարձել բժշկի նկատմամբ դատական գործը, որը թլպատում էր արել 4-ամյա տղային նրա մահմեդական ծնողների խնդրանքով: Վիրահատությունը հաջող էր անցել, սակայն 2 օր անց երեխայի մոտ արյունահոսություն էր սկսվել: Տղային տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է  KM.RU-ն` հղում անելով DPA-ին:

Բժիշկն արդարացվել էր  անորոշ իրավական իրավիճակի պատճառով: Այն ուղղելու համար Քյոլնի դատարանը թլպատումն ապօրինի է ճանաչել:

Իմանալով քյոլնյան դատարանի վճռի մասին` Գերմանիայի հրեաների Կենտրոնական խորհուրդը դիմել է Բունդսթագ` կրոնական ազատության պաշտպանության պահանջով: Խորհրդի նախագահ Դիթեր Գրաումանին որոշումն անվանել է «անլսելի եւ անխիղճ»: Նա նաեւ ընդգծել է, որ նորածին տղաների թլպատումը հուդայիզմի անքակտելի մասն է: