Պենտագոնի պատմության մեջ գեյերի եւ լեսբուհիների առաջին միջոցառումն անցել է քնարական նոտայով, հիշելով ավելի բարդ ժամանակները, սակայն այն ներկաներից ոչ բոլորին է դուր եկել:
«Դեռ երեք տարի առաջ դժվար էր հավատալ, որ 2012թ. զինված ուժերում ծառայող գեյերը եւ լեսբուհիները կարող են ազատ խոսել իրենց սեռական կողմնորոշման մասին», - Պենտագոնում հավաքված մի քանի հարյուր մարդկանց ասել է պաշտպանության նախարարության գլխավոր իրավախորհրդատու Ջեյ Ջոնսոնը: Նա ընթերցել է նաեւ նախագահ Օբամայի եւ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի ուղերձները:
Միաժամանակ, ներկաներից շատերը նկատել են Պենտագոնում բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների բացակայությունը, ներկաներից մեկը նշել է, որ զինվորական հրամանատարությունն այնքան էլ ոգեւորված չէ Պենտագոնում անցկացվող միջոցառմամբ:
Պենտագոնի միջոցառումն անց է կացվել ԼԳԲՏ (լեսբուհիներ, գեյեր, բի- եւ տրանսսեքսուալներ) ամսվա շրջանակում, գրում է «ԲալտԻնֆոն»:
2010թ. դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմական օրենք էր ստորագրել Բիլ Քլինթոնի օրոք մտցված Don`t Ask Don`t Tell («Մի հարցրու, մի ասա») օրենքը չեղյալ համարելու մասին: 2011թ. սեպտեմբերից սկսած սեռական կողմնորոշումը չի կարող ծառայության իրավունքից զրկելու հիմնավորում լինել:
Վերջերս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սենսացիոն հայտարարություն էր կատարել` նշելով, որ կողմ է նույնասեռ ամուսնություններն օրինականացնելուն: Բացի այդ, նա հատուկ հռչակագրով հիշեցրել էր Don`t Ask Don`t Tell օրենքը չեղյալ համարելու առավելությունները:




























