Կրասնոյարսկում ոսկե շղթան գործարարին փրկել է մարդասպանի գնդակից: Վիրավոր գործարարն ինքն է վնասազերծել հանցագործին:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանի հարցերով Քննչական վարչությունը, Կրասնոյարսկի ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ Չկալովի փողոցի տներից մեկում մահափորձ է կատարվել 33-ամյա գործարարի նկատմամբ:
Նախնական վարկածով` գործարարը գիշերը մտել է իրենց շենքի մուտք: Նա առաջին հարկի տարածքում է եղել, երբ վերելակի դռները բացվել են, մարդասպանը դուրս է եկել եւ երկու անգամ կրակել գործարարի վրա: Վերջինիս փրկել է պարանոցի ծանր ոսկե շղթան, որին դիպչելով գնդակներից մեկը շեղել է ուղղությունը, մյուսը դիպել է կրծքին: Վիրավոր գործարարն իրեն չի կորցրել եւ մարդասպանին ակտիվ հակադարձել է, կարողացել է վնասազերծել եւ բռնել, հայտնում է BFM.RU-ն:
Ոստիկանությունն արդեն ճշտել է կրակողի ինքնությունը, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, գտնվում է իրավապահների հսկողության տակ:



























