Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին ղեկավարվել ողջամտությամբ եւ ծանր ու թեթեւ անել «Մագնիտսկիի ցուցակի» բոլոր հետեւանքները: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Ըստ Ռյաբկովի, ԱԳՆ-ում վրդովված են, որ օրինագծի վրա աշխատանքը շարունակվում է` ի հեճուկս Մոսկվայի կողմից «ողջամտության եւ այդ քայլերի հակաարդյունավետության մասին ահազանգերի»: Նա ընդգծել է, թե Ռուսաստանի պատասխանը պարտադիր չէ, որ համարժեք լինի: Թե ինչ պատասխան կլինի, Ռյաբկովը չի մանրամասնել:

«Մագնիտսկիի օրենքը» ենթադրում է մարդու իրավունքների խախտումների մեջ մեղսակից պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների ներդրում: Հունիսի 26-ին ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել օրենքին, ինչից հետո այն պետք է ընդունվի նաեւ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում: