Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում ամբողջ համակարգը, մենք բոլորս, ձեռք ձեռքի տված, հասարակության մեջ պայմաններ ենք ստեղծում  մեկուսացման համար: Այդ մասին, այսօր` հունիսի 27-ին, մամլո ասուլիսում հայտարարեց երգահան Արտավազդ Բայաթյանը` անդրադառնալով ինքնասպանությունների եւ բռնության դեպքերի թվաքանակի աճին:

Նրա խոսքով` հասարակության մեջ ձեւավորվել է մթնոլորտ, որտեղ իշխում է միմյանց նկատմամբ ատելությունը, քանի դեռ գործին չեն խառնվում փողերը. «Բոլորն ատում են քեզ, քանի դեռ չես առաջարկել գրպանիդ պարունակությունը: Այնուամենայնիվ, մենք պետք է մեզանում արթնացնենք արժանապատվությունը: Ես չեմ սիրում պայքար խոսքը, ես դա համարում եմ պարապ մարդկանց եւ քաղաքական գործիչների զբաղմունք: Պետք չէ պայքարել, մարդը կարող է բողոքել: Բողոքն այն է, որ երբ ինչ-որ տեղ անարդարություն, բռնություն եմ տեսնում, չեմ գնում այնտեղ, նրանց ծառայություններից չեմ օգտվում, արհամարհում եմ: Եվ ոչ մի կերպ չեմ նպաստում տվյալ հաստատության բարգավաճմանը»:

Նա նաեւ նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին անեծքի հնարավորություն ունի, եւ դա նույնպես կարող է անարդարության դեմ պայքարի միջոց դառնալ:

Տվյալ հայտարարությանն արձագանքեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` կոչ անելով.  «Զգույշ եղեք, պարոն Բայաթյան, նման առաջարկներ անելիս: Մեր երկրում արժանին եւ անարժանը շատ սուբյեկտիվորեն են ընկալվում: Արժանիին եւ անարժանին շատ սուբյեկտիվորեն են ընտրում:

«Մենք չպետք է մեր խղճին դեմ գնանք, եթե խղճին դեմ գործենք, ոչ միայն չենք կարող ինչ-որ բան փոխել, այլեւ հիվանդությունների ենք ենթարկում ինքներս մեզ, ինչն էլ հանգեցնում է ինքնասպանության, մեկուսացման», - ասաց Բայաթյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իրավիճակը, երբ հայկական շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ այս կամ այն կրոնական կազմակերպությունների անդամ են եւ դրանով մասնակցում են դրանք քարոզելուն, Բայաթյանը պատասխանեց.  «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ, յուրաքանչյուրն իրավունք ունի լինել այնտեղ, որտեղ ցանկանում է, զբաղվել նրանով, ինչով ուզում է: Այստեղ մի խնդիր կա. այդ ամենը չպետք է հակասի մեր օրենսդրությանը: Եթե պետությունը թույլ է տվել, որ գործը դրան է հասել, իսկ դա մեզ դուր չի գալիս, ապա պետք է փոխել օրենքները: Ես օրինապահ քաղաքացի եմ, ինչն էլ խորհուրդ եմ տալիս բոլորին: Իսկ ինչ ճանապարհ կընտրի մարդը, դա նրա գործն է: Եթե որեւէ մեկը աղանդավոր է,  դա նշանակում է, որ նրան առաջարկվածում կա սուտ, եւ նա ճշմարտությունը փնտրում է այլ վայրում»: