Հասարակության մեջ սպանությունների եւ բռնության դեպքերի աճը նիհիլիզմի, ապատիայի, անտարբերության եւ արդարության զգացման կորստի հետեւանք է: Այդ մասին, այսօր` հունիսի 27-ին, մամլո ասուլիսում հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, նշելով, որ նման ծայրահեղություններն անխուսափելի են, քանի դեռ մարդիկ չեն գտել իրենց խնդիրների լուծումը, որոնք առաջին հերթին սոցիալ-տնտեսական բնույթ են կրում:  

Ըստ Խառատյանի` լրատվամիջոցների կողմից ներկայացվող սպանությունների, բռնության, ինքնասպանության լուրերի հոսքն իրականում ամբողջական չէ, տեղեկատվության մեծ մասն այդպես էլ չի դառնում հասարակության սեփականությունը: Ըստ ազգագրագետի` համապատասխան մարմինները հետաքննություն չեն իրականացնում, որ պարզեն բռնության աճի իրական պատճառները:

«Հասարակության արժեքային համակարգը խաթարված է, ընդ որում` մեզանից յուրաքանչյուրինը այլ է: Ցանկացած ժողովուրդ պետք է հեռանկար ունենա, իսկ մենք անորոշության մեջ ենք, մենք անգամ չենք հավատում Կառավարության վերջերս ընդունած ծրագրին»: 

Արժեքների ընդհանուր համակարգի բացակայությունը,  պարզապես ուրախանալու հնարավորության բացակայությունն ըստ երգիչ եւ երգահան Արտավազդ Բայաթյանի` բնականաբար հանգեցնում է ինքնասպանության մասին մտքերի եւ ագրեսիայի ինչպես այլ մարդկանց, այնպես էլ ինքն իր նկատմամբ: «Այս համատեքստում գործ ունի անելու Հայ առաքելական եկեղեցին: Մեր հասարակությունն ինքն է ստեղծում մռայլ ֆոն, որի դեպքում ինքնասպանությունները եւ ագրեսիան նորմալ երեւույթ են», - հայտարարել է երգահանը: