Սերբիայի Սոցիալիստական կուսակցության (ՍՍԿ) առաջնորդ Իվիցա Դաչիչը համաձայնել է գլխավորել կոալիցիոն կառավարությունը, որի կազմում կընդգրկվեն նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի Սերբիայի առաջադեմ կուսակցության (ՍԱԿ) ներկայացուցիչները, հայտնում են սերբական լրատվամիջոցները: Պաշտոնական հայտարարություն դեռեւս չի եղել:
Սերբիայի խորհրդարանական ընտրություններից հետո անցել է արդեն 50 օր, սակայն երկիրը դեռեւս գտնվում է առանց կառավարության, քանի որ խորհրդարանը չի կարողանում մեծամասնություն ձեւավորել: Տվյալ դեպքում գլխավոր դեր են խաղում սոցիալիստները, որոնք երկրի երրորդ ազդեցիկ քաղաքական ուժն են: Դաչիչի որոշումից կախված կլինի նոր իշխող կոալիցիայի կազմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ բելգրադյան մամուլի տվյալների` Դաչիչն արդեն ընդունել է կառավարությունը գլխավորելու ՍԱԿ-ի առաջարկությունը, որում բացի սոցիալիստներից եւ առաջադեմներից կմտնի նաեւ «Սերբիայի միացյալ տարածքներ» (ՍՄՏ) կուսակցությունը: Նշվում է, որ այդ քաղաքական ուժերն արդեն իրենց մեջ բաժանել են գլխավոր պաշտոնները ապագա կառավարությունում:




























