Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր Պուտինի որոշումը` ներկա չլինել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյակին նվիրված գագաթաժողովին Ստամբուլում, լուրջ հարված էր Թուրքիային, որը հանդիսանում էր ընդունող երկիր եւ հրավիրել էր իր հյուսիսային հարեւանին: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը:

Հեղինակի կարծիքով, այս քայլը կարելի է դիտել որպես հանդուգն նկատողություն Թուրքիային երկու երկրների միջեւ Սիրիայի հարցում լուրջ տարաձայնությունների առկայության պատճառով: Ստամբուլ գնալու փոխարեն Պուտինը որոշել է այցելել Իսրայել եւ Պաղեստին, որպեսզի ուժեղացնի Մոսկվայի դերը Մերձավոր Արեւելքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել էր ՍԾՏՀԿ-ի 2007 թվականի գագաթաժողովին, որը նույնպես կայացել էր Ստամբուլում, երբ  12 անդամ-երկրներից 11-ը ներկայացված են եղել կամ վարչապետի մակարդակով, կամ` նախագահի: 2007 թ. գագաթաժողովին բացակայում էր միայն Հայաստանի նախագահը:

Պուտինը նման մարտավարություն էր կիրառել նաեւ անցած ամսին, երբ վերջին րոպեին չեղյալ էր համարել իր այցը ԱՄՆ Քեմփ-Դեվիդ` Մեծ ութնյակի գագաթաժողովին մասնակցելու համար: