Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական եւ սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին:
Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կառավարությանը եւ ժողովրդին Հայաստանի առողջապահության համակարգին ուղղված աջակցության եւ երկարամյա համագործակցության համար: Մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությունը սերտ եւ շարունակական համագործակցություն է ծավալել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի (FAR), ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհաննեսյանի կողմից 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության, Ամերիկայի Միացյալ հայկական հիմնադրամի (UAF), 1997 թվականից Հայաստանում գործող հայ-ամերիկյան առողջության կենտրոնի եւ մի շարք այլ կազմակերպությունների եւ անհատների հետ:
Դերենիկ Դումանյանն անդրադարձել է նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) եւ ՀՀ կառավարության միջեւ 2010թ. օգոստոսի 6-ին ստորագրված առողջապահության եւ սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրին, որի շրջանակներում շարունակվում է առողջության առաջնային օղակում բարեփոխումների իրականացումը, տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր եւ մանկան առողջության պահպանման, շտապ եւ անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը: Կարեւորելով համաձայնագրում նշված ուղղությունները եւ համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը` նախարարը վստահեցրել է, որ բոլոր նախաձեռնությունները եւ առողջապահության թիմի առջեւ դրված խնդիրները կլուծվեն:
Դեսպանն իր հերթին մանրամասնել է համատեղ իրականացվող ծրագրերը, հատկապես առանձնացնելով շտապօգնության ծառայության բարելավման ծրագիրը, քանի որ այն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ, դեսպանատան եւ ՀՀ առողջապահության նախարարության միջեւ ստորագրված համաձայանգրի շրջանակներում, ինչը վստահության, թափանցիկության, հաշվետվողականության երաշխիք է: Միաժամանակ, նա կարեւորել է սփյուռքի մասնակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք այս տարիների ընթացքում կայուն դերակատարում են ունեցել հայ ազգաբնակչության առողջության պահպանման հարցում: Գնահատելով «Հայկական ակնաբուժության նախագծի» կարողությունները` Ջոն Հեֆերնն առաջարկել է ընդլայնել ծառայությունները եւ համատեղ ուժերով ստեղծել Ակնաբուժության գերազանցության կենտրոն, որը միակը կլինի տարածաշրջանում:
Կողմերը խոսել են նաեւ Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի խնդիրներից, ծառայության բարելավմանն ուղղված միջոցառումներից ու ծրագրերից: Ջաթինդեր Չիման ողջունել է մոտեցումները եւ պատրաստակամություն հայտնել մասնակցելու ուռուցքաբանության ծառայության արդիականացման ծրագրերին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ առողջապահության նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ եւ ուռուցքաբանության ծառայության բարելավման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:



























