Հունիսի 27-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ: Խոսակցությունը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Կրեմլի մամուլի ծառայության համաձայն` կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում եւ նրա շուրջ, այդ թվում վերջերս Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից խփված թուրքական ինքնաթիռի հետ կապված ողբերգական պատահարի կոնտեքստում: Ընդգծվել է, որ այդ պատահարի մանրամասները պետք է հանգամանորեն հետաքննվեն: Պուտինը տեղեկացրել է Էրդողանին իր Մերձավոր Արեւելք կատարած այցի արդյունքների մասին:
Շոշափվել են նաեւ երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: Հետաքրքրվածություն են հայտնել սեպտեմբերին Թուրքիայում անցկացվելիք Համագործակցության խորհրդի հերթական նիստի բարեհաջող անցկացման հետ կապված: Պուտինը եւ Էրդողանը պայմանավորվել են հետագա անձնական շփումների մասին:
Բարձր գնահատական է տրվել հունիսի 26-ին Ստամբուլում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հոբելյանական գագաթաժողովի արդյունքներին:




























