Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է լրագրողների հարցերին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, լրագրողներից մեկը, շեշտելով, որ Հայաստանը ՍՏՀԿ-ի լիիրավ անդամ է՝ հարցրել է Գյուլին, թե ինչպես է նա պատկերացնում՝ փակ սահմանով Հայաստանի հետ զարգացնել տնտեսական հարաբերություններ եւ ստեղծել տնտեսական համագործակցություն:  Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է, թե ՍՏԿՀ-ում ընդգրկված են նաեւ այնպիսի երկրներ որոնք չեն ողողվում Սեւ ծովի ջրերով՝ շեշտելով այդ երկրների շարքում Հայաստանին:

«Թուրքիայի բարի կամքի շնորհիվ Հայաստանն էլ հրավիրվեց եւ կազմակերպության անդամ է: Այսօր էլ քննարկումներ եղավ, սակայն մեր տարածաշրջանում որոշ խնդիրներ կան, որոշ անհամաձայնություններ կան: Զբաղվում ենք, որպեսզի վերացվեն այդ անհամաձայնությունները: Ինչքան, որ այդ անհամաձայնությունները պակասեն, ստեղծվի վստահության մթնոլորտ, այնքան շատ տնտեսական համագործակցության եւ բիզնես կլինի:

Չենք կարող ձեւացնել, թե խնդիրներ չկան: Սակայն այդ խնդիրները լուծելու եւ այդ խնդիրներից ազատվելու համար բոլորս բարի կամքով աշխատենք՝ ստեղծելով տարածաշրջանում մինչեւ վերջ տնտեսական պոտենցիալը գնահատող, համագործակցող, փոխադարձ ներդրումներ, հաղորդակցության ուղիներ, որոնք տարածաշրջանը ցանցի պես կծածկեն: Նպատակը սա է: Խնդիրներ կան, եւ այդ խնդիրները հաղթահարելու համար մեր բոլորիս բարի կամքը կա»,-ասել է Գյուլը՝ հավելելով, որ իրենք գոհ են, որ Հայաստանը գագաթնաժողովին մասնակցում է որպես լիիրավ անդամ: