ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանն առաջարկել է Սիրիայում ստեղծել ազգային միասնության կառավարություն, որի կազմում կլինեն ինչպես ներկայիս իշխանությունների նեկայացուցիչները, այնպես էլ ընդդիմությունը: Այդ առաջարկությունը կդառնա հունիսի 30-ին Ժնեւում կայանալիք Սիրիային նվիրված միջազգային հանդիպման գլխավոր թեմաներից մեկը: 

Նշվում է , որ ազգային միասնության կառավարությունը կարող է ընդգրկել ներկայացուցիչներ կառավարությունից, ընդդիմությունից եւ այլ մարդկանց: Միաժամանակ պետք է բացառել նրանց, ովքեր կբարդացնեն իրավիճակը կամ էլ կխանգարեն հաշտության եւ կայունության գործընթացին: Դա առաջին հերթին վերաբերում է Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադին, թեպետ հատուկ բանագնացի առաջարկության մեջ այդ մասին ուղղակի չի ասվում, հաղորդում է Reuters-ը` հղում անելով դիվանագիտական աղբյուրին: