Իսլամիստական արմատական «Շարժում Արեւմտյան Աֆրիկայում ջիհադի եւ միասնության համար» խմբավորումն իր ձեռքն է վերցրել Գաոյի` Մալիի հյուսիսային հատվածի գլխավոր քաղաքի վերահսկողությունը, որը նախկինում գրավել էին «Ազգային շարժում հանուն Ազավադի ազատագրման» միավորման տուարեգները:
Իսլամիստների եւ տուարեգների միջեւ բախումները շարունակվել են հունիսի 27-ի առավոտվանից եւ հանգեցրել նվազագույնը 20 մարդու մահվան: Երեկոյան ջիհադիստների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենց հաջողվել է վերահսկողության տակ առնել նահանգապետական պալատը եւ տուարեգների շարժման գլխավոր քարտուղարի նստավայրը, գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ին:
Ինչպես իսլամիստները, այնպես էլ տուարեգները պայքար են մղում Մալիի կառավարության դեմ` դրա հյուսիսային մասում Ազավադի անկախ պետություն ստեղծելու համար: 2012թ. մայիսին խմբավորումները փորձեցին պաշտոնական համաձայնագիր ստորագրել ջանքերի միավորման մասին, սակայն արդյունքում սկզբունքային տարաձայնությունների պատճառով միությունը խզվեց:




























