Ռուսաստանում թալիշական սփյուռքի ներկայացուցիչները հունիսի 27-ին Մոսկվայում «Ты кто такой? Давай, до свидания» խորագրով մամլո ասուլիս են անցկացրել, որի ընթացքում օգնության խնդրանքով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հարսանիքի ժամանակ խմբագիր Գիլալ Մամեդովի ձայնագրած հոլովակը, որը ցնցել էր համացանցը, Պուտինի հետ ոչ մի կապ չունի, վստահեցրել են նրանք` որպես ապացույց ցուցադրելով սկզբնական հոլովակը, որտեղ Պուտինն իրոք չկար: «Ֆռֆռալու» էին ուղարկում ոմն Նատաշայի` երկու երեխաների հետ, ինչպես նաեւ միմյանց:
«Բայց հետո անհայտ անձինք հոլովակի այլընտրանքներ են նկարահանել: Մենք չգիտենք նրանք ովքեր են, թող ռուսական հատուկ ծառայությունները պարզեն»,-ասել է Մանսուր Մամեդովը:
«Որոշ հոլովակներում «ֆռֆռալու» էին ուղարկում Վլադիմիր Պուտինին:
Այնուհետեւ սկսեցին «ֆռֆռալու» ուղարկել ում չէին ալարում. «Տիմատին եկավ Ադրբեջան, գտավ տղաներին, ովքեր հարսանիքում երգում էին, նրանց բերեց Մոսկվա եւ նրանց հետ երգ ձայնագրեց, որում «ֆռֆռալու» ուղարկեց Կիրկորովին», - պատմել է Իսմայիլ Շաբանովը:
Ադրբեջան եկավ ՆՏՎ-ի նկարահանող խումբը: Նրանց եւս այն ժամանակ դեռեւս ազատության մեջ գտնվող Գիլալ Մամեդովը տարավ կատարողների մոտ, նաեւ պարծեցավ, որ «Ты кто такой? Давай, до свидания» կարգախոսներով մարդիկ արդեն Մոսկվայի Բոլոտնայա են գնում, գրում է utro.ru-ն:
«Նա պարզապես ցանկանում էր ցույց տալ` որքան սիրված է երգը: Գիլալը միշտ էլ Պուտինի կողմնակիցն է եղել», - հավաստիացնում է Մանսուրը:
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հումորը չեն գնահատել, Բոլոտնայայի մասին հիշատակելու հաջորդ օրն իսկ Գիլալ Մամեդովը ձերբակալվել է:
Թալիշները կարծում են, որ Գիլալ Մամեդովի ձերբակալությունը Ադրբեջանի հատուկ ծառայությունները ցանկանում էին իբրեւ նվեր մատուցել Սերգեյ Իվանովին, որն այդ օրերին պետք է այցելեր Բաքու, բայց վերջին պահին փոշմանել էր:
Հիմա նրանք մտածում են` ինչպես Պուտինին տեղեկացնեն: Ստացվում է, որ Գիլալը ոչ մի երգ չի երգել (միայն նկարահանել է), երգը եղել է Նատաշայի մասին, բացի այդ, Գիլալն իր ողջ գիտակից կյանքում սիրել է Պուտինին: «Մենք` թալիշներս, սիրում ենք Պուտինին, նրան Վոլոդոմիր ենք անվանում, որ նշանակում է «Սրբազանի որդի»: Ինչպե՞ս կարող ենք այդքանից հետո նրա մասին ինչ-որ բան երգել», - վրդովվել է Իսմայիլ Շաբանովը:



























