«1900+» 20-րդ դարի եւ ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարի 5-րդ համերգը կկայանա այսօր` հունիսի 28-ին եւ նվիրված է Հայաստանի ու Շվեյցարիայի համագործակցության 20-ամյակին:

Նշենք, որ 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության «1900+» անվանումը կրող համերգաշարը մեկնարկել է 2009-ի հոկտեմբերից` Երեւանում:

Նախագծի գեղարվեստական ղեկավար, համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար Հայկ Մելիքյանը նշում է, որ համերգաշարի գլխավոր նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի ժողովուրդների 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտությունը, այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք մինչ այժմ չեն կատարվել Հայաստանում, ինչպես նաեւ խթանել հայ դաշնամուրային արվեստի զարգացումը եւ պրոպագանդումը արտերկրում:

Համերգաշարն արդեն հասցրել է Երեւանում ներկայացնել ռուսական, ֆրանսիական, ճապոնական եւ լեհական երաժշտության համերգներ:

Բազմաթիվ կոմպոզիտորներ աշխարհի տարբեր երկրներից արդեն հասցրել են գրել հատուկ ստեղծագործություններ Հայկ Մելիքյանի եւ իր «1900+» համերգաշարի համար:

Այս անգամ համերգը նվիրվում է շվեյցարական ժամանակակից երաժշտությանը:

Համերգին կհնչեն Ֆ.Մարտենի, Կ.Հյուբերի, Հ.Հոլլիգերի, Բ.Ֆյուրերի, Մ.Ժարելի, Է.Գոդիբերի, Ա.Գանիբենի, Է.Սթեմփֆլիի, Ա.Հովհաննիսյանի, Ա.Ակշելյանի, Կ.Անանյանի ստեղծագործությունները:

Համերգաշարն առաջիկայում նախատեսում է ամերիկան, այնուհետեւ` իտալական երաժշտության համերգներ: 2013թ. պլանավորվում են համերգներ` նվիրված գերմանական, վիետնամական եւ կորեական երաժշտությանը:

Համերգն իրենց ներկայությամբ պատվելու են ՀՀ-ում առկա մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: