Երիտասարդ բրիտանուհի Նատաշա Սմիթը Կահիրեում ռեպորտաժ պատրաստելիս դաժան հարձակման է ենթարկվել: Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնում, որտեղ ժողովուրդը տոնում էր նախագահի պաշտոնում Մուհամեդ Մուրսիի ընտրությունը, 21-ամյա լրագրողուհին եղել է երկու տղամարդու հետ, բայց դա չի փրկել նրան կատաղած ամբոխից, հաղորդում է NEWSru.com-ը:

Աղջկա խոսքով, փողոցում բազմաթիվ ընտանիքներ կային երեխաների հետ, հավաքված բազմության տրամադրությունը տոնական էր:

Թահրիրի հրապարակին մոտենալուն զուգահեռ բազմությունն ավելի խիտ էր դառնում եւ լրագրողները որոշել են շրջանցել այն, սակայն չեն հասցրել հեռանալ:

Ինչ-որ պահի խմբի վրա են հարձակվել տասնյակ մարդիկ: Նրանց մի մասը պահել է տղամարդկանց, մյուսները առանձնացրել են լրագրողուհուն: Արդյունքում Նատաշան մնացել է լրիվ մենակ խիտ ամբոխի մեջ, որտեղ արդեն կանայք չկային:

Խելագարված ամբոխի մեջ, ըստ Նատաշայի, գտնվել են մի քանիսը, ովքեր փորձել են պաշտպանել իրեն: Մի խումբ տղաներ փորձել են հեռացնել աղջկան, ում գետնին էին գցել ու իրար էին գլորում մսի կտորի նման: Առկա տեղեկությունների համաձայն, այդուհանդերձ, աղջիկը լրջորեն չի տուժել: Այժմ նա արդեն գտնվում է հայրենիքում, ծնողների տանը, գրում է The Daily Mail-ը:

Նատաշան վճռական է տրամադրված եւ որոշել է վերադառնալ Կահիրե եւ ավարտին հասցնել իր վավերագրական ֆիլմը: Նա վստահ է, որ իր հետ կատարվածը եգիպտական հասարակության զարգացվածության ցուցանիշ չէ: Նատաշայի խոսքով, Եգիպտոսն իր համար շարունակում է «հրաշալի երկիր» լինել: