Տավուշի մարզում մայիս-հունիսին Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագիրն իրականացվել է ոլորտային ուղղվածությամբ. մասնակցել են տարածաշրջանի 17 չիր արտադրողներ, ովքեր ձեռք են բերել հմտություններ ու գիտելիքներ իրենց գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ:
Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից ծրագրի արդյունքում մասնակիցները ոչ միայն ֆինանսավորվել են, այլեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շնորհիվ համաֆինանսավորման սկզբունքով նրանց տրամադրվել են որակյալ սարքավորումներ:
Մասնակիցներին դասընթացների ընթացքում տեղեկատվություն է տրամադրվել`
- Արեւային չորանոցների մասին: Հայաստանում եւ այլ երկրներում կիրառվող արեւային չորանոցների տեսակները, արեւային չորանոցների կառուցման նկարագիրը, օպտիմալ չափերը, անհրաժեշտ այլ կառույցների (ծխարան, պահեստ, այլ) չափերը, ապրանքանյութական, դրամական եւ աշխատանքային ծախսումները:
- Էներգիայի այլ աղբյուրների (էլեկտրոէներգիա, գազ, այլ) օգտագործմամբ չորանոցային տնտեսությունների հիմնման նախագծի վերաբերյալ: 1. Չորանոցային տնտեսության նկարագիրը, անհրաժեշտ կառույցների` նախապատրաստական բաժանմունք, մշակման բաժանմունք, հիմնական արտադրամաս, ծխարան, պահեստարան եւ այլն) չափերը, կառուցապատման եւ մեկուսացման նյութերը: 2. Չորանոցային տնտեսությունների գործունեության համար առաջարկվող անհրաժեշտ սարքավորումների ցանկը, դրանց նկարագիրը (գները, արտադրական հզորությունները, էներգիայի ծախսը, այլ), անհրաժեշտ ապրանքները եւ գույքը:
- Տավուշի մարզին բնորոշ մրգի եւ բանջարեղենի չորացման տեխնոլոգիական շղթայի վերաբերյալ: Չորացման տեխնոլոգիական ամբողջական շղթան հումքի բերքահավաքից մինչեւ պատրաստի չրի պահպանում եւ իրացում: Չորացման տեխնոլոգիական ամբողջական շղթան ըստ մթերքների, դրամական եւ աշխատանքային ծախսումները, գնային եւ ծախսային համեմատական վերլուծություն, այլ:
ՄԱԶԾ-ի աջակցությամբ պատրաստվում է նաեւ «Չրի պատրաստման Տեխնոլոգիական հրահանգներ» գրքույկը, որը մանրամասնում է դեղձի, ծիրանի, սալորի, տանձի, խնձորի, կեռասիեւ բալի, արքայախնձորի, սմբուկի, լոլիկի եւ պղպեղի չորացման տեխնոլոգիաները: Այն կտարածվի ոչ միայն մասնակիցների շրջանում, այլ նաեւ ՀՀ մյուս մարզերում:



























